
Tert-am-ը գրում է.
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի որդին որպես բուժակ է ծառայում Գորիսի գնդում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Հարց գորիսցիներին, ՀՀ պաշտպանության նախարարությանը և նախարարին. վիճակահանությա՞ն արդյունքում է այդպես ստացվել… Եվ նման փաստը համարում եք համապատասխան արդարության սկզբունքի՞ն»,-գրառել էր նա:
Tert.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Գորիսի քաղաքապետից, վերջինս հրաժարվեց պատասխանել։
«Զբաղված եմ, տեղս հարմար չէ, հետո փորձեք, բացի այդ՝ ձեր գործը չէ»,- ասաց նա՝ հեռախոսազրույցը ավարտված համարելով։
Գորիսի քաղաքապետը մեր զանգերին այլևս չպատասխանեց։
Tert.am –ի հետ զրուցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մանրամասնեց, որ, ըստ օրենքի, Գորիսի քաղաքապետի որդին իր բնակավայրում ծառայելու իրավունք ունի, քանի որ ժամկետային զինծառայող չէ, այլ սպա է։
«Հարյուրավոր զինվորականներ իրենց բնակավայրում կամ բնակավայրին մոտ են ծառայում։ Վանիկ Վաչագանի Ադունցը ծնվել է 1993թ-ին, ավարտել է Երևանի պետական Բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի բաժինը, ատամնաբույժ է»,- մանրամասնեց նա։
|