4:23 PM «168 ժամ». Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է | |
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները եւ պատրաստվել հեռանալ: Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսեւորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը եւ զերծ մնում հրապարակային սպառիչ մեկնաբանություններից: Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ էին շրջում, թե սույն տիկնոջ համար է պահվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, նաեւ կարծիք կար, որ Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն է եղել Իտալիայում ՀՀ արտաքին եւ լիազոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց: Թե մինչ այսօր նախնական ի՞նչ պայմանավորվածություններ կարող էին փոփոխության ենթարկվել կամ չեղյալ հայտարարվել՝ հայտնի է միայն կառավարական նեղ շրջանակներին, բայց այն, որ Մշակույթի ամենաերկարակյաց նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, թերեւս, պարզ է: Հայտնի է նաեւ, որ քաղաքական շրջանակներում, որպես Մշակույթի նոր նախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածու՝ արդեն տեւական ժամանակ շրջանառվում է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանի անունը: Թե ի՞նչ հուն կմտնեն ներքաղաքական զարգացումները. ու ի՞նչ տեսք կստանա Կառավարության նոր կազմը, պարզ կդառնա մոտ ապագայում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում | |
|
| |
| Total comments: 0 | |